«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» կամ լրագրողական հետաքննություն Գերմանիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20.04.2017, 17:43
Նկարահանվել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և «Նեմեսիս» գործողության ծրագրի մասին պատմող հեռուստաֆիլմ:
«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» կամ լրագրողական հետաքննություն  Գերմանիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նկարահանվել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և «Նեմեսիս» գործողության ծրագրի մասին պատմող հեռուստաֆիլմ, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ֆիլմը կոչվում է «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» և եթեր կհեռարձակվի ապրիլի 24-ին:

ՀՀՀ–ի նկարահանած հեռուստաֆիլմը, ըստ էության, լրագրողական հետաքննություն է, որը տևել է ավելի քան մեկ տարի` նպատակ ունենալով ոչ միայն պարզել «Նեմեսիս» գործողության ողջ եղելությունը, այլ նաև ներկայացնել այդ գործողության ծրագրի բոլոր հանգամանքները։

Մարսելի հրապարակներից մեկը կկրի Սողոմոն Թեհլերյանի անունը>>

Ֆիլմի սցենարի հեղինակ Մարիաննա Փայտյանը լրագրողական հետաքննության ընթացքում հանդիպել է հայազգի փորձագետների հետ, բացառիկ նկարահանումներ է կատարել Գերմանիայում՝ գերմանացի ուսումնասիրողների ուղեկցությամբ, եղել այն դատարանում, որտեղ անցկացվել է դատավարությունը, փորձել պարզել, թե ինչու դատարանում Սողոմոնի տված ցուցմունքն ու նրա կենսագրական տվյալները հաճախ չեն համընկնում։

 - рис.1

Նկարահանումներ են կատարվել Բեռլինի թուրքական էքստերիտորիալ տարածքում գտնվող թուրքական գերեզմանատանը, որտեղ ժամանակին թաղված է եղել Թալեաթը։

Մինչ այսօր այնտեղ են Բեհաէդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի գերեզմանները, որոնք մյուս ոճրագործների՝ Թուրքիայում գտնվող գերեզմանների հետ միասին ուխտատեղի են դարձել թուրք ծայրահեղականների համար:

Ֆիլմի պատրաստման ընթացքում հեղինակներին հաջողվել է զրուցել Սողոմոնի ազգականների՝ զարմիկի և թոռնուհու հետ:

Նկարահանումների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր են վերհանվել, այդ թվում՝ Սողոմոնի բանտում գրած օրագիրը, Պոտսդամում Լեփսիուսի տանը պահվող բացառիկ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սողոմոնի դատավարությանը:

 - рис.2

«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» ֆիլմի ռեժիսորն Ամալյա Սարգսյանն է, օպերատոր՝ Կարեն Թորոսյան, մոնտաժը՝ Գոռ Արևշատյանի, երաժշտության հեղինակ՝ Արթուր Թադևոսյան, նկարիչ՝ Զաքար Դեմիրճյան: 

1921թ.-ի մարտի 15-ին հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանը բեռլինյան Շարլոթենբուրգ շրջանի Հարդենբերգ շթրասեում գնդակահարեց 1915թ.-ի հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Հետագայում Թեհլիրյանը նույն թվականի հունիսի 2-ին արդարացվեց բեռլինյան երդվյալ ատենակալների դատարանի կողմից: -0-