Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից աշակերտուհու նկատմամբ բռնությունից հետո
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից աշակերտուհու նկատմամբ բռնությունից հետո։
Միջադեպի կապակցությամբ պարզաբանում է տարածել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:
Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է դպրոցի ուսուցչուհին բռնություն կիրառում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

