Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն

26.05.2017, 15:27
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, քաղաքացի Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 20–ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցը նույն բաժնում բռնություն է գործադրել իր նկատմամբ` հարվածներ հասցնելով որովայնին:

Քաղաքացու խոսքով, ոստիկանն իրեն խոշտանգել է` 2014 թվականի դեկտեմբերի 29–ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցություն ունենալու վերաբերյալ խոստովանություն ստանալու նպատակով։ Ոստիկանը, ինչպես նշում է քաղաքացին, սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը խնդիրներ կունենա և կդատապարտվի երկարաժամկետ ազատազրկման:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: -0-