Երևանի ռեստորաններից մեկի զուգարանում գաղտնի նկարահանման հետքերով․ ի՞նչ է պատմել սարքը գտած այցելուն

08.10.2026, 15:53
Սկանդալ՝ Երևանի ռեստորաններից մեկում․ քաղաքացին զուգարանում նկարահանող հեռախոս է գտել
Երևանի ռեստորաններից մեկի զուգարանում գաղտնի նկարահանման հետքերով․ ի՞նչ է պատմել սարքը գտած այցելուն

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Օրերս հայկական մեդիադաշտում իրարանցում է առաջացրել Երևանի «Գուստավ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը․ այցելուներից մեկը պնդում է, որ ռեստորանի միակ զուգարանում գաղտնի նկարահանող հեռախոս է հայտնաբերել։ Նրա խոսքով՝ սարքը պատկանել է ռեստորանի մենեջերին, իսկ հեռախոսում եղել է երկու տեսանյութ։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին։ Այցելուն «Հետք»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել միջադեպից։

Ինչպե՞ս է նկատել հեռախոսը

Այցելուի խոսքով՝ զուգարանում լվացարանի տակ գտնվող դարակի բաց անցքի միջով անձեռոցիկ փնտրելիս նա նկատել է հեռախոս, որը թեքված էր դեպի այն հատվածը, որտեղ, ըստ այցելուի, չպետք է ընդհանրապես թեքված լիներ:

«Երբ նկատեցի հեռախոսը, միանգամից կանչեցի կողակցիս, որովհետև, նախ, ես էլ իմ աչքերին չէի հավատում, երկրորդը` կանչեցի, որովհետև ինքն ավելի ճիշտ կիմանա՝ ինչ անենք այդ հեռախոսի հետ ու, ընդհանրապես, ինչ է այդտեղ կատարվում», - պատմել է նա։

Նրա խոսքով՝ սկզբում իրենք մտածել են, որ հնարավոր է՝ դա որևէ «պրանկ» կամ թյուրիմացություն է, որ հեռախոսի պատյանը տեղադրված է եղել ոչ թե սովորական տեսախցիկի հատվածով, այլ էկրանի կողմով, իսկ էկրանը փակված է եղել սև անձեռոցիկով։

«Բայց երբ պատյանը, անձեռոցիկը հանեցինք էկրանի վրայից, տեսանք, որ recording է գնում։ Դե, բնականաբար, առաջին բանը, որ արեցինք, կանչեցինք մենեջերին»,- նշել է այցելուն։

Հեռախոսը բացել է մենեջերը

«Մենեջերը, երբ եկավ, միանգամից հեռախոսը բլոկեց ու դրեց իր գրպանը՝ անընդհատ ասելով՝ «Ես կտեսնեմ խնդիրը, ես կպարզեմ՝ խնդիրը ինչումն է, ես կպարզեմ էս հարցը և այլն»»,- պատմել է այցելուն։

Այցելուի խոսքով՝ իրենք մենեջերին հայտնել են, որ հեռախոսում տեսանյութ կա, որը պետք է ջնջել։ Մենեջերը դեմքի նույնականացման միջոցով բացել է հեռախոսը։

«2 հոլովակ էր այնտեղ, էդ երկուսն էլ ջնջեց։ iPhone-ի մեջ կա նաև առանձին Recently Deleted, հենց այդտեղից էլ ջնջվեց, բայց թե այնտեղ Hidden Photos-ում ինչ է ունեցել, դա չգիտեմ արդեն»,- պատմել է այցելուն։

Պարզվել է, որ հեռախոսը մենեջերինն է

Այցելուի խոսքով՝ հեռախոսը բացելուց հետո պարզվել է, որ այն մենեջերի անձնական սարքն է։

«Երբ ինքը բացեց հեռախոսը, այդ պահին այնտեղ կային նաև իր սելֆիները, իր նկարները, այսինքն՝ դա իր անձնական հեռախոսն էր»,- պատմել է նա։

Նրա խոսքով` իր ընկերը հարցրել է մենեջերին, թե արդյոք դա իր հեռախոսն է, ինչից հետո վերջինս իսկույն շրջվել է իրենց կողմը և սկսել կրկնել, թե չգիտի։

Այցելուն նշել է, որ մենեջերը չէր կարողանում արդարանալ և այդ պահին պարզապես բառեր չէր գտնում իրեն արդարացնելու համար։

Առաջին դեպքը չէր

Այցելուի խոսքով՝ իրեն մտահոգել է այն հանգամանքը, որ հեռախոսում ոչ թե մեկ, այլ երկու տեսանյութ է եղել։

Նա նշել է, որ ռեստորանի զուգարանից օգտվում են ինչպես կանայք ու տղամարդիկ, այնպես էլ երեխաներ և աշխատակիցներ։ Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ ինքը դեպքը չի դիտարկել միայն որպես իր անձնական խնդիրը։

«Եթե մենակ իմ վիդեոն լիներ, ես բնականաբար իմ վիդեոն իմ աչքի դիմաց ջնջել եմ։ Եթե իմ խնդիրը լիներ, ես միանգամից վիդեոն ջնջվելուց հետո առաջընթաց չէի տա այս խնդրին, բայց քանի որ հասկանալով, որ դա առաջին դեպքը չի․․․ Այնտեղ ոչ միայն մի վիդեո է եղել, այլ երկու»,- ասել է նա։

Միաժամանակ այցելուն նշել է, որ չի կարող ասել՝ իրենից առաջ քանի մարդ կարող էր նկարահանված լինել կամ հեռախոսում այլ նմանատիպ նյութեր եղե՞լ են, թե՞ ոչ։

Ե՞րբ են դիմել իրավապահներին

Այցելուի խոսքով՝ դեպքի օրը իրենք իրավապահ մարմիններին չեն դիմել։ Հաջորդ օրը, սակայն, մտադիր են եղել հանդիպել ռեստորանի տնօրենի հետ՝ նախ փորձելով հասկանալ տեղի ունեցածի հանգամանքները։

Նա նշել է, որ իրենց համար առաջնայինը եղել է հարցը հնարավորինս հանգիստ կարգավորելը, ոչ թե դեպքը հանրայնացնելը։

«Եթե այդ մարդուն կարողանայինք առանց սկանդալի հասկացնել, որ դա սխալ է, ավելի ճիշտ այդպես կլիներ։ Հանրային խայտառակ անելը մարդուն ամենավերջինն է եղել մեր կետերից»,- ասել է նա։

Telegram-յան բոտ

Այցելուի խոսքով՝ մենեջերի մասին տեղեկություններ փնտրելիս ինքը գտել է նաև Telegram-ում գործող բոտ, որի անունը, իր խոսքով, նախկինում համընկել է մենեջերի անվան և ազգանվան հետ։

«Բոտը ամսի 6-ից սկսել է չաշխատե։ Ամսի 6-ից բոտի անունը փոխվել է, բայց բնականաբար, մինչև դա ես գտել եմ բոտը, իր անուն-ազգանունով էր»,- պատմել է այցելուն։

Նա նշել է, որ կասկածներ ունի, թե բոտը կարող էր կապ ունենալ նկարահանված նյութերի հնարավոր տարածման կամ վաճառքի հետ։

Աշխատակիցները նույնպես շոկի մեջ են

Այցելուի խոսքով՝ դեպքից հետո փորձել են խոսել ռեստորանի աշխատակիցների հետ՝ հասկանալու համար՝ արդյոք մենեջերի վարքագծում նախկինում որևէ տարօրինակ բան նկատե՞լ էին։

Նրա խոսքով՝ աշխատակիցները շոկի մեջ էին, քանի որ մենեջերի պահվածքում նախկինում որևէ կասկածելի բան չէին նկատել։

«Ինքը մեր սեղանը նախ սպասարկել էր, մոտենում էր մեր սեղանին, շատ բարեհամբույր էր իրեն պահում, ոչ մի տարօրինակություն չուներ։ Տնօրենն էլ է նշել, որ շոկի մեջ է»,- պատմել է այցելուն։

Մենեջերը, ըստ այցելուի, Հայաստանում չէ

Այցելուի խոսքով՝ իրեն «Գուստավ»-ի տնօրենը հայտնել է, որ մենեջերն այլևս Հայաստանում չէ։ Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկություն է ստացել նաև մեկ այլ աղբյուրից։

Միաժամանակ այցելուն նշել է, որ չգիտի՝ ով է առաջինը տեղեկացել մենեջերի՝ Հայաստանից հեռանալու մասին՝ ռեստորանի ղեկավարությունը, թե իրավապահները։

Ի՞նչ է ակնկալում այցելուն իրավապահներից

Այցելուի խոսքով՝ ինքն ակնկալում է, որ իրավապահները կգտնեն մենեջերին և կպարզեն դեպքի ամբողջական հանգամանքները։

«Ակնկալում եմ, որ այդ մարդուն բերեն ու օրենքի սահմաններում խիստ դատեն, որովհետև այնտեղ կարող է շատ աբսուրդ բաներ պարզվի»,- ասել է նա։

Ըստ «Հետք»-ի` ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ դեպքի առթիվ կազմվել են փաստաթղթեր, և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

«Գուստավ» ռեստորանի արձագանքը

«Գուստավ» ռեստորանը դեպքի վերաբերյալ տարածած հայտարարությամբ հայտնել է, որ իրավիճակին տեղեկանալուն պես անմիջապես քայլեր է ձեռնարկել, և մենեջերն ազատվել է աշխատանքից։

Ռեստորանի ղեկավարությունը նաև նշել է, որ անձամբ կապ են հաստատել դեպքի մասին տեղեկացրած անձանց հետ և հայտնել իրենց լիարժեք աջակցությունը իրավապահ մարմիններին դիմելու հարցում։

«Մենք հասկանում ենք «Գուստավ» – ում ստեղծված իրավիճակի շուրջ առաջացած անհանգստությունն ու դժգոհությունը և ցանկանում ենք, որ իմանաք՝ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշված է հայտարարությունում։

«Գուստավ»-ը նաև արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող բազմաթիվ կարծիքներին ու մեկնաբանություններին՝ նշելով, որ հասկանում են մարդկանց վրդովմունքը։

«Միևնույն ժամանակ, հստակ ենք, որ «Գուստավ» – ի ստեղծման հիմքում դրված տարիների ազնիվ աշխատանքն ու նվիրումը չեն արտացոլվել այս գործողությունների մեջ։

Մենք չենք կարող փոխել տեղի ունեցածը, բայց կարող ենք պատասխանատվությամբ մոտենալ դեպքի մասին մեր արձագանքին։ Մենք լրջորեն ենք վերաբերվում իրավիճակին և շարունակում ենք հավատարիմ մնալ յուրաքանչյուր հյուրի անվտանգության, անկաշկանդության և հարգանքի վերաբերմունքին», - նշված է հայտարարության մեջ։