«Ձեր քթից հանելու եմ». Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներին սադրիչներ անվանեց
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին «սադրիչներ» է անվանել՝ հայտարարելով, որ Շաքիի միջադեպի շուրջ նրանց այսօրվա հայտարարությունները հետագայում «իրենց քթից է հանելու», եթե հայ զինծառայող մոլորվի և հայտնվի Ադրբեջանի տարածքում։
«Աստված չանի, մեր մի զինվոր հանկարծ ուղղակի մոլորված հայտնվի Ադրբեջանի տարածքում, որովհետև դիրքեր կան, որ իրարից 50 մետր հեռավորության վրա են, ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք՝ զգուշացնում եմ։ Հա, սա հենց ուղիղ սպառնալիք է, որովհետև դուք ընդամենը այսօր սադրիչներ եք։ Ես ասում եմ՝ հատ-հատ այսօրը հիշեցնելու եմ ձեզ անհատապես բոլորիդ, շարունակեք այդ նույն ձևի», – ասել է Փաշինյանը։
Այսպես վարչապետն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանի հայտարարություններին՝ Շաքիում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ։
Պատգամավորը, մասնավորապես, հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողին չի կարելի ներկայացնել որպես մոլորված անձ՝ նշելով, որ նա խորացել է Հայաստանի տարածք, մտել բնակելի տուն և կրակել տանտիրոջ ուղղությամբ։
Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողը, ըստ իր ընկալման, «ինչ-որ պրոբլեմ է ունեցել, ինքնակամ լքել է զորամասը և հայտնվել Հայաստանի տարածքում»։
«Այո, այստեղ հանցագործություն է արել, բայց ես ուրիշ բան եմ ասում. ես սարսափով եմ մտածում այն օրվա մասին, երբ հանկարծ, Աստված չանի, մեր զինվորներից որևէ մեկը հանկարծ շփոթվի, մոլորվի, ձմեռ է, մառախուղ է, հայտնվի Ադրբեջանում։ Այս մարդիկ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցիալ շփոթված, մոլորված զինվորին դարձնելու են Բեն Լադեն», – ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ բոլոր իրավիճակներում պետք է պահպանել օբյեկտիվությունը և հավելել, որ Հայաստանի օրենսդրությունը որևէ մեկը չի կարող շրջանցել։
«Եթե հանկարծ, Աստված չանի, մեր մի զինվոր մոլորվեց, այսօրվա այս հարցադրումների պատճառով այդ զինվորին Ադրբեջանում դարձնելու են Բեն Լադեն», – ասել է Փաշինյանը։
Սյունիքում միջադեպի մասին
ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։
ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։
5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։
Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։

