Դեմոյան vs Հարությունյան. կրքերը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի շուրջ թեժանում են, մեղադրանքներ են հնչում

27.06.2018, 21:08
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կոշտ գրառում է կատարել Facebook–ում։
Դեմոյան vs Հարությունյան. կրքերը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի շուրջ թեժանում են, մեղադրանքներ են հնչում
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը մեղադրել է Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին իր աշխատասենյակ ներխուժելու համար և աղմկոտ բացահայտումներ է նրանց խոստացել։

Բարկության ուղերձ

Դեմոյանը Facebook–ի իր էջում հրապարակած կոշտ ուղերձում, պարբերաբար անցնելով վիրավորանքների, գրել է, թե նախարարն իրավունք չուներ ներխուժելու իր աշխատասենյակ իր բացակայության ժամանակ։ Հատկապես նա դա անընդունելի է համարել, հաշվի առնելով, որ գործուղման մեկնելուց առաջ իր աշխատասենյակում է թողել անձնական իրեր, համակարգիչը, ԱՄՆ–ից բերված, բայց դեռևս մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ։

Նա միաժամանակ նշել է, որ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է:

Հարվարդի համալսարանում գիտական գործուղումից վերադառնալուց հետո, վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում էի կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իմ կարգավիճակի և թանգարանում առկա խնդիրները քննարկելու և նախորդ կառավարության որոշումների արդյունքում իմ խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար:

«Փոխարենը, մերժում ստանալով, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, սպառնաց ինձ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար: Այս երկու սուբյեկտներին պարբերաբար գրավոր տեղեկացրել եմ թանգարանում իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների, թանգարանի ու հուշահամալիրի ընդհանուր անվտանգությունը խաթարելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի և ԿԳՆ կողմից անցյալ տարի կայացրած անօրինական որոշումների պահով»,– գրել է Դեմոյանը։

Նա նշել է, թե հարց է առաջանում` ինչու՞ նորանշանակ կրթության և գիտության նախարարն ու իր տեղակալը հետևողականորեն պաշտպանում են նախորդ կառավարության անօրինական որոշումնները հենց թանգարանի և իմ կարգավիճակի պահով:

Ենթադրում եմ, որ վերջիններս կարծում են, թե ես տեղյակ չեմ այդ դիրքորոշման ակունքներին, ուստի չեմ կարող հանրայնացնել դրա դրդապատճառների մասին ու փաստեր հրապարակել:

Դեմոյանը միաժամանակ խոստացել է իր հաջորդ հրապարակման մեջ մեղադրանքներ ներկայացնել ԿԳ նախարարությանը և ԳԱԱ–ին։

Նախարարը հստակեցնում է. Դեմոյանը որևէ պաշտոն չունի այնտեղ...

Ի պատասխան Դեմոյանի ուղերձին` Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց լրագրողներին, որ Կրթության և գիտության նախարարությունը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հիմնադիրն է, իսկ Դեմոյանն արդեն տևական ժամանակ է` որևէ պաշտոն չունի այդ կառույցում։

Նա միաժամանակ նշեց, որ արձագանքել է աշխատակիցների` առկա խնդիրների վերաբերյալ ահազանգերին և հանդիպել է նրանց հետ։ Վերջիններս հնչեցրել են միայն ֆինանսական փոխանցումների հարցը։

«Ես Դեմոյանին սթափվելու կոչ եմ անում, քանի որ այն, ինչ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը։ Նա չունի աշխատասենյակ, քանի որ երկարատև ժամանակ արդեն որևէ պաշտոն չի զբաղեցնում Թանգարան–ինստիտուտում»,– ասաց Հարությունյանը։ 2017 թվականի դեկտեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ ՊՈԱԿ–ը վերակազմավորվել է Հիմնադրամի, որտեղ կառավարության որոշմամբ, նշանակվել է պաշտոնակատար։

Այդ պահից, նախարարի խոսքով, Դեմոյանն իրավական տեսանկյունից չի զբաղեցնում այդ կառույցում ոչ մի պաշտոն, սակայն իր վերադարձից հետո զանազան ձևերով ճնշում է գործադրել աշխատակիցների վրա և ստիպել է, որ տնօրենի պաշտոնակատարը հրաժարականի դիմում գրի և զբաղեցրել է տնօրենի աշխատասենյակը։

«Հաշվի առնելով թանգարանի շուրջ իրավիճակի կայունության պահպանումը` ԿԳՆ–ն նախազգուշացրել է Դեմոյանին իր գործողությունների անօրինականության մասին, հայտնելով, որ իրավիճակի հետագա զարգացման դեպքում մենք ստիպված կլինենք դիմել ոստիկանություն։ Մյուս բոլորը Դեմոյանի անցնական քմահաճություններն են։ Այսօր կդիմեմ ոստիկանություն, որ այս ինքնակոչին կարգի հրավիրեն»,– ասաց Հարությունյանը։


Նախարարը միաժամանակ նշեց, որ եթե Դեմոյանը կրկին փորձի մտնել տնօրենի աշխատասենյակ կամ օգտվի ավտոմեքենայից, դա կընկալվի որպես խախտում։ Վերջինիս թույլատրված է միայն վերցնել անձնական իրերը։

Հարությունյանը նաև հայտնեց, որ կառավարության որոշմամբ կնշանակվի տնօրենի նոր պաշտոնակատար, ինչից հետո հաջորդ շաբաթ կանցկացվի թանգարանի Խորհրդի նիստ, որն էլ կսահմանի նոր տնօրենի ընտրության կարգը։ Այնուհետև կկայանան ընտրությունները։ -0-