Դա մեր պարտականությունների մեջ չէր մտնում. ՀԷՑ-ը՝ հոսանքազրկման աղմկահարույց դեպքերի մասին

04.09.2024, 12:21
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը մանրամասնել է Աբովյանի մարզադաշտում և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոսանքազրկման դեպքերը
Դա մեր պարտականությունների մեջ չէր մտնում. ՀԷՑ-ը՝ հոսանքազրկման աղմկահարույց դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման դեպքին։

«Մինչև հայտնի վթարի օրը Օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ էին տեղի ունեցել՝ ոչ ներկայացման պահին, իհարկե։ Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց էր կատարել և պարզել, որ խնդիրն իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ էր կապված»,- նշեց Դարբինյանը։

Նրա խոսքով՝ այդ ամենը մանրակրկիտ բացատրել էին թատրոնի աշխատակիցներին՝ զգուշացնելով, որ տրանսֆորմատորներից մեկը փոփոխման էր ենթակա, սակայն աշխատակիցներն անտեսել էին իրենց կարծիքը, ինչի հետևանքով վթարը տեղի էր ունեցել։

«Ավելին, որոշել էին վթարի համար ՀԷՑ-ին մեղադրել։ Վթարից հետո ևս մեկ անգամ մեր մասնագետները տեղում ուսումնասիրել էին պատճառը և նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորից է։ Արդյունքում Օպերայի ղեկավարը նամակով դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը նորով փոխարինել, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն»,- հավելեց նա։

Դարբինյանը նաև անդրադարձավ օգոստոսի 20-ին Աբովյանի մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտում հոսանքի անջատման միջադեպին։

«Մինչև խաղը համապատասխան գրություն էինք ստացել ֆուտբոլի ֆեդերացիայից՝ իրենց սեփականություն հանդիսացող երկու տրնասֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ։ Տրանսֆորմատորը ՀՖՖ դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում՝ խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի և մեկ ուղղության վրա, որը չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ անջատվել էր»,- պարզաբանեց Դարբինյանը ։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ն օպերատիվորեն աջակցել է վթարի վերահսկմանը, ապա ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ անջատվել էր տրանսֆորմատորի բարձր լարման ապահովիչը, որը գտնվում էր ՀՖՖ բալանսում։

«Այս երկու դեպքերի հետ կապված ուզում եմ ասել՝ հնարավորինս աջակցել ենք թե մարզադաշտին, թե Օպերայի թատրոնին, չնայած, որ դա մեր պարտականությունների մեջ չէր մտնում։ Ուզում եմ ընդգծել նաև, որ նման հաստատություններն ունեն սեփական էլեկտրատնտեսություն, որը, հիմնականում, վատ վիճակում է գտնվում»,- ընդգծեց Դարբինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օպերայի թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիան անջատվել էր։ Թատրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ էլեկտրամատակարարման ընդհատումները լինում են պարբերաբար և տևական ժամանակով, ինչի կապակցությամբ թատրոնը կդիմի իրավասու մարմիններին։ 

Օգոստոսի 20–ին էլ նմանատիպ միջադեպ էր գրանցվել Աբովյանի մարզադաշտում Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»– «Ռուժոմբերոկ» հանդիպման ժամանակ։ Հանդիպման 68-րդ րոպեին խաղն ընդհատվել էր մարզադաշտի հոսանքազրկման հետևանքով։