Օպերայի թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիան անջատվել է
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ ևս դադարեցվել է հերթական ներկայացումը։
Այս մասին հայտարարություն է տարածել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Facebook–յան իր էջում։
«Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն և բարոյական վնաս, այլև նյութական և ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։ Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից։
Թատրոնի ղեկավար անձնակազմը հայցում է հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաև հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա:
Անթույլատրելի ենք համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար և տևական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին», – նշվում է հայտարարության մեջ։

