Արցախի «էլիտար» զորամասը և «ինքնասպանության» դեպքերը. ԱՀ ՊՆ–ն արձագանքել է ԶԼՄ–ի հրապարակմանը

04.02.2020, 10:24
Արցախի «էլիտար» զորամասը և «ինքնասպանության» դեպքերը. ԱՀ ՊՆ–ն արձագանքել է ԶԼՄ–ի հրապարակմանը
Արցախի «էլիտար» զորամասը և «ինքնասպանության» դեպքերը. ԱՀ ՊՆ–ն արձագանքել է ԶԼՄ–ի հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է նախօրեին auroranews.am կայքում հրապարակված «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» հոդվածը։

Նշենք, որ փետրվարի 3–ին հրապարակված վերոնշյալ հոդվածում ասվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները ծառայում են Արցախի զորամասերից մեկում, մարտական հերթապահություն չեն կրում` անտանելի պայմաններ ստեղծելով մյուս զինծառայողների համար։ Մասնավորապես, հոդվածագիրը 20–ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան մեջ (շրջանառվում է ինքնասպանությանը հասցնելու հոդվածը) կասկածում է իր ծառայակիցներից մեկին։

«Ի պատասխան auroranews.am-ի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում»,– նշվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն, տվյալ զորամասը մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն:

«Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից»,– նշվում է հայտարարության մեջ:

 Մամուլի ծառայության հաղորդմամբ, զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացներն իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան:

 «ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Ավագյանը։ –0–