Արարատում առանց թույլտվության պահվող 2 գորշ արջ տեղափոխվել է փրկարար կենտրոն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ըստ ԲԸՏՄ տեղեկատվության, ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։
Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։
«Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։



