Առաջարկվում է տարկետում ստացածների համար զորակոչի տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը։
Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Ըստ նախագծի՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել ուսումնառությունը և օգտվել ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում Հայաստանում աշխատելու համար նախատեսված տարկետման հիմքից։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները հիմնականում ուսումն ավարտում են 27 կամ 28 տարեկանում։ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին զորակոչի ենթակա լինի ևս առնվազն երեք տարի։

