Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բնապահապանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ ձկնաբուծարանի կողմից ապօրինի ջրառ իրականացնելու փաստով, հայտնում է տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության, ԲԸՏՄ աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։
ԲԸՏՄ-ն նշում է, որ ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։
«Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129դր.: Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը»,- հայտնում են տեսչական մարմնից։
ԲԸՏՄ-ն հայտնում է, որ հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

