Խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերը չեն կարող դիտարկվել միևնույն հարթության վրա. Էդվարդ Ասրյան
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Խաղաղ պայմաններում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների զոհվելու պատճառները կարող են էապես տարբերվել, որի պատճառով նման դեպքերը չեն կարող դիտարկվել միևնույն հարթության վրա, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողների զոհվելու հնարավոր պատճառների թվում են ֆինանսական և բժշկական խնդիրները, ծառայությունից դուրս հանգամանքները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։
Գլխավոր շտաբի պետն անդրադարձել է զինծառայողների շրջանում ինքնասպանության դեպքերին՝ ընդգծելով նման ողբերգությունների հանգեցնող պատճառների և հանգամանքների պարզման անհրաժեշտությունը։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես են հանգամանքները հանգեցնում դրան։ Կան հանգամանքներ, որոնք չպետք է հանգեցնեն նման ելքի, և դա անհրաժեշտ է հասկանալ»,- ասել է Ասրյանը։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանի Զինված ուժերում աշխատանքներ են տարվում խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։
Սակայն լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում այդ խնդրի լուծման համար, շտաբի պետը մանրամասներ չի ներկայացրել՝ վկայակոչելով ժամանակի սղությունը։
«Դրա համար շատ շատ ժամանակ է պահանջվում, իսկ այժմ ես նման հնարավորություն չունեմ»,- պարզաբանել է նա։

