ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գործադիրն այսօր հաստատել է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը:
Загружается новость ... "Лево"
Նախատեսվում է տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնել։ Արդյունքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել շահառուների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը, որպիսի հանգամանքը կխթանի վերջիններիս` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գործող կարգավորումներով զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի հնարավորություն՝ օգտվելու սահմանափակ կամ արտոնյալ վերարտարդողական բուժօգնության ծառայություններից, սակայն ֆինանսավորմամբ ամբողջապես չեն ծածկվում ծախսերը:
«Մասնավորապես, չեն ծածկում փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, և քանի որ ծառայությունները թանկ են, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը: Այս նախագծի ընդունմամբ վերը նշված ծառայությունների համար ծախսերն ամբողջությամբ կիրականցվեն պետության կողմից»,-ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ: Ծնողների հետ քննարկումների, տարբեր շփումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ենք որոշում կայացրել: Դա արել ենք, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողը, իրենք են բարձրացնում այս հարցը: Այսինքն՝ իրենք են բարձրացնում, որ այսպիսի հարցեր կան և ակնկալում են, որ կառավարությունը լուծի»:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշել է, որ որ փուլ առ փուլ մեծացվում է այս ուղղությամբ ծառայությունների հասանելիությունը: Ըստ նախարարի, 2021 թվականին զինվոր կորցրած մայրերից 27-ի մոտ հղիություն է գրանցվել:
«Կարծում եմ՝ սա շատ խորհրդանշական և արժեքային, գաղափարական նշանակություն ունեցող փաստ է: Եվ կրկին իմ խոնարհումը և հարգանքի տուրքն բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել», -ասել է վարչապետը:
Մասնավորապես՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով կփոխհատուցվի նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը, դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը։–0–