Երևանում կորոնավիրուսի դեմ արդեն կարելի է պատվաստվել հենց փողոցում, շարժական խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում:
Ապրիլի 29–ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսից պատվաստված է 2690 մարդ։ Նա նշել է, որ սա խայտառակ ցուցանիշ է և կոչ արել, որպեսզի կառավարության բոլոր անդամները, այդ թվում` պետական գերատեսչության աշխատակիցները պատվաստվեն։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր հերթին հայտնել է, որ այս շաբաթվանից Երևանի բանուկ մասերում կգործեն Covid-19–ի դեմ պատվաստման շարժական թիմեր։
Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217900 դեպք, որոնցից 201559-ն` առողջացած, 4178-ը` մահվան ելքով։–0–