Տրանսպորտում տարատեսակ քաղաքական շոուների վերջը պետք է տանք․ Ավինյան

03.02.2025, 12:43
Ավինյանն ընդգծեց, որ պետք է վերջ տրվի տարատեսակ քաղաքական շոուներին հասարակական տրանսպորտում
Տրանսպորտում տարատեսակ քաղաքական շոուների վերջը պետք է տանք․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվար․/Նովոստի–Արմենիա/․ Տարատեսակ քաղաքական շոուները հասարակական տրանսպորտում պետք է վերջակետ ունենան, ինչի համար պետք է ջանքեր գործադրենք, դրա վերջը պետք է տանք, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ 

«Իհարկե, շատ ավելի հանգիստ, զսպված, նույնիսկ մեր քաղաքական ընդդիմախոսների հետ մաքսիմալ հարգանքով, բացատրելով և հասկացնելով նրանց», – ասաց Ավինյանը՝ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։

Նշենք, որ փետրվարի 1–ից որոշ երևանցիներ բոյկոտում են տրանսպորտի թանկացումը։ Բոյկոտի կոչ են անում և մասնակցում են Ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Միասնական տոմսային համակարգի մասին

Փետրվարի 1–ից Երևանում ամբողջությամբ գործարկվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակում մեկ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ։ 

Գործում են հետևյալ սակագնային փաթեթները․

  • 150 դրամ – մեկանգամյա ուղետոմս/1 ուղևորություն (ակտիվացման ժամկետ՝ 3 օր)
  • 280 դրամ – «90 րոպե» փաթեթ/3 ուղևորություն (ի դեպ քաղաքապետարանից հայտնել էին, որ փետրվարի 11–ի նիստում 90 րոպեն կերկարաձգվի և կդառնա 180 րոպե), (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
  • 1500 դրամ – «Multi» փաթեթ/10 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է` ակտիվացման ժամկետ՝ 30 օր, վավերացման ժամկետ՝ 30 օր)
  • 880 դրամ – 1 օր/8 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
  • 4800 դրամ – 1 շաբաթ/30 ուղևորություն
  • 8800 դրամ – 1 ամիս/ անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
  • 23600 դրամ – 3 ամիս/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
  • 88 000 դրամ – 1 տարի/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
  • 480 դրամ – «Զվարթնոց» օդանավակայան (մեկ ուղղությամբ)/1 ուղևորություն

Ի դեպ քաղաքապետարանից նաև հայտնել էին, որ անսահմանափակ փաթեթների երկարացում է նախատեսված։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։