Շենքում ապրում է 80 տարեկան մայրս. դերասանուհի Աննա Գևորգյանը պատմել է փլուզված շենքի բնակիչների մասին (ՎԻԴԵՈ)

26.08.2020, 17:07
Շենքում ապրում է 80 տարեկան մայրս. դերասանուհի Աննա Գևորգյանը պատմել է փլուզված շենքի բնակիչների մասին. ՎԻԴԵՈ
Շենքում ապրում է 80 տարեկան մայրս. դերասանուհի Աննա Գևորգյանը պատմել է փլուզված շենքի բնակիչների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասանուհի Աննա Գևորգյանի մայրն ապրում էր այն շենքում, որտեղ այսօր նախնական տվյալներով գազի արտահոսքից պայթյուն է գրանցվել ու շենքը մասնակի փլուզվել է։

Դերասանուհին անմիջապես շտապել է դեպքի վայր։

Նա «Նովոստի–Արմենիա»–ի հետ զրույցում խոսել է շենքում բնակվող բնակիչների մասին։

Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել առավոտ շուտ` 07։15 –07։17–ի սահմաններում։

«Սա իմ մանկության տունն է, որտեղ ապրել եմ շատ երկար տարիներ։ Այս բոթը լսելուն պես միանգամից վազել եմ այստեղ, որտեղ այստեղ է ապրում իմ 80 տարեկան ծեր մայրը ու չի կարողանում քայլել։ Հարևաններն իմ հարևաններն են, իրենք իմ մանկությունն են եղել։ Բոլորին մեկ–մեկ գիտեմ», – նշեց դերասանուհին։

Նա ավելացրեց, որ առաջին հարկում բնակվող կինը վաղուց էր մահացել, առաջին հարկը փակ էր, ապրող չկար։

«Երկրորդ հարկն էր մեծ ընտանիքով։ Նրանց բախտը բերել է, քանի որ ամառ է, արձակուրդում էին, ընտանիքով գնացել էին հանգստանալու, միայն հայրն էր այստեղ, ու նա հիմա ծանր է, հիվանդանոցում է։ Երրորդ հարկում ապրում էր 60 տարեկանին մոտ միայնակ տղամարդ, նրան հիմա չեն գտնում։ Չորրորդ հարկում ապրում էր մեծ կին, նրան էլ են ոնց–որ տարել հիվանդանոց, բայց պայթյունը որտեղից է սկսվել, ում բնակարանից է սկսվել, դեռ ոչ մեկ չի կարողանում պարզել», – ասաց դերասանուհին, ով շատ հուզված էր:

Այսօր առավոտյան նախնական տվյալներով գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։

19 մարդ տարհանվել է, երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։ Մյուս տուժածը, ով մոտ 50 տարեկան տղամարդ է, ծայրահեղ ծանր է, ունի մարմնի ամբողջ մակերեսի այրվածքներ։

Ավելի ուշ փրկարարները փլատակներից տակից դուրս են բերել տղամարդու դի, ով, նախնական տվյալներով, 1962թ.–ին ծնված Արթուր Ղ.–ն է։–0–