«Քաղաքացիական պայմանագիրը» բոյկոտել է Ավագանու նիստը, որի ժամանակ ընդդիմությունն ուզում էր չեղարկել տրանսպորտի թանկացումը

21.01.2025, 13:32
Երեքշաբթի ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով
«Քաղաքացիական պայմանագիրը» բոյկոտել է Ավագանու նիստը, որի ժամանակ ընդդիմությունն ուզում էր չեղարկել տրանսպորտի թանկացումը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երեքշաբթի ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։

Ավագանու 65 անդամներից ներկա էին միայն 27-ը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չէին եկել նիստին, որի օրակարգում երկու հարց էր՝ քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացման նախագծի դադարեցում և տեղական նոր տուրքերի վերացում։

Առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, կանոնակարգի պահանջներից ելնելով, նիստը չկայացած է ճանաչել։

«Քաղաքացիական պայմանագրի» հայտարարությունը

Այս կապակցությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվել է․ «Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։ Այս որոշումն ընդունվել է հստակ գիտակցմամբ, որ նմանատիպ նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին»։

Հայտարարության մեջ նշվում է, որ տասնամյակներ շարունակ Երևանի տրանսպորտային համակարգը եղել է քաոսային, խիստ անարդյունավետ և հնացած վիճակում։ 

«Մենք որոշում ենք կայացրել վերջ տալ այդ իրավիճակին։ Խոստացել էինք, որ փոխելու ենք «հուսահատության գազելները», և փոխեցինք։ Այժմ կառուցում ենք նոր, ժամանակակից, կանոնակարգված համակարգ, որը պետք է լինի երկարաժամկետ լուծում, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական խաբկանք», – նշվում է ՔՊ–ի հայտարարության մեջ։ 

Նախկին քաղաքապետի կանխատեսումը

Անցած չորեքշաբթի՝ հունվարի 15-ին, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մետրոյի «Երիտասարդական» կայարանում հանդիպեց տրանսպորտի սակագնի բարձրացումից դժգոհ համաքաղաքացիներին։ Նա նախաձեռնել է ստորագրահավաք՝ ընդդեմ փետրվարի 1-ից տոմսերի միասնական համակարգի գործարկման և կոչէ արել երևանցիներին փետրվարի 1–ից վճարել 100 ավտոբուսներով երթևեկելու համար։

Խոսելով Ավագանու այսօրվա նիստի մասին՝ Մարությանը վստահություն էր հայտնել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կբոյկոտի նիստը։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):

Բոյկոտի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։

Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։

Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից մտնել ավտոբուս, 100 դրամանոց կամ երկու հատ 50 կամ այլ մանրադրամ դնել վարորդի կողքի հատվածում և անցնել առաջ։

Կարդացեք նաև՝ «50․000 դրամ տուգանք գոյություն չունի, տուգանելու լծակներ չունեն․ Մարությանը՝ փետրվարի 1–ից 100 դրամանոցով երթևեկելու մասին»