50․000 դրամ տուգանք գոյություն չունի, տուգանելու լծակներ չունեն․ Մարությանը՝ փետրվարի 1–ից 100 դրամանոցով երթևեկելու մասին

21.01.2025, 13:16
«Ձեզ 100 տոկոսով ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, այդպիսի տուգանք գոյություն չունի։ Սա սուտ է, որն այս պահին տարածվում է։ Հանգիստ բոլորը կարող են իրականացնել իրենց ակցիան», – ասել է Մարությանը
50․000 դրամ տուգանք գոյություն չունի, տուգանելու լծակներ չունեն․ Մարությանը՝ փետրվարի 1–ից 100 դրամանոցով երթևեկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի նախկին քադաքապետ Հայկ Մարությանն այսօր անդրադարձել է տրանսպորտի համար չվճարելու կամ 100 դրամ վճարելու դեպքում սահմանված տուգանքի մասին լուրերին։

Նա լրագրողների հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերն՝ ընդգծելով, որ նման օրենսդրական լծակներ չկան։

«Համոզված եմ, որ ժողովուրդը, բոլորս հաջողություն կունենանք, որովհետև եթե բոլորս միասին մի բան ենք ուզում և պահանջում, որը արդար է, ապա դա չի կարող տեղի չունենալ։ Մենք հասնելու ենք մեր ուզածին, որովհետև սա կոնկրետ պետական թալան է, մարդիկ չեն կարող այդ գումարները վճարել, կոնկրետ սոցիալական խնդիր է», – ընդգծեց Մարությանը։

Նա նշեց, որ պետությունն առավոտից անցել է գրոհի։

«Վարչապետն այսօր գնաց, փորձարկեց իրենց սիրելի Թելսելի աշխատանքը։ Այդպես էլ մինչև այսօր ԿԲ-ն պատասխան  չի տվել, և իրենց ասելով ուսումնասիրում են՝ արդյո՞ք ունի այդ տոմսը վաճառելու իրավունք, թե՞ ոչ։ Մի խոսքով՝ վարչապետն ուսամնասիրեց, շատ գոհ, ճանապարհին էլ պատմեց, թե ինչքան մարդու է տեսել, ինչ հարցեր են տվել իրեն»,-ասաց Մարությանը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են, որ 100 դրամ չտալով՝ հնարավոր է տրանսպորտից օգտվել, արդյո՞ք մարդկանց չեն տուգանի, Մարությանը պատասխանեց, որ պետության երկրորդ գրոհն էլ տուգանքի սպառնալիքն է։

«Այսօր թերթերից մեկն ապատեղեկատվություն է տարածում։ Գրել էր, թե իբրև 50 000 տուգանք է հասնում առանց տոմսի երթևեկելու համար, կամ 100 դրամ տալու համար։ Ձեզ 100 տոկոսով ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, այդպիսի տուգանք գոյություն չունի ՀՀ Սահմանադրության մեջ, բոլոր օրենսգրքերի մեջ։ Սա սուտ է, ապատեղեկատվություն, որն այս պահին տարածվում է։ Հանգիստ բոլորը կարող են իրականացնել իրենց ակցիան։ Իրենք ուզեն էլ չեն կարող տուգանել այսօր, որովհետև այդ օրենսդրական լծակները չունեն»,-ասաց նա։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):

Բոյկոտի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։

Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։

Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից մտնել ավտոբուս, 100 դրամանոց կամ երկու հատ 50 կամ այլ մանրադրամ դնել վարորդի կողքի հատվածում և անցնել առաջ։