Փաշինյանն առաջին անգամ QR ուղետոմս է գնել ու մետրոյով գնացել գործի (ՎԻԴԵՈ)

21.01.2025, 11:20
Փաշինյանը գոհունակություն է հայտնել միասնական տոմսային համակարգից․ ՎԻԴԵՈ
Փաշինյանն առաջին անգամ QR ուղետոմս է գնել ու մետրոյով գնացել գործի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել մետրոյով։

Նա մետրոյի ուղետոմս է գնել տերմինալից։

«Այսօր էլ մետրոյով գնամ աշխատանքի, ի՞նչ կլինի որ։ Առաջին անգամ էի փորձում, բայց վայրկյանների ընթացքում տոմս ստացա », – ասել է Փաշինյանը՝ Facebook–յան իր էջում հրապարակված տեսանյութում ու ցույց տվել QR կոդը։

Նա նշել է, որ ճանապարհին շփվել է քաղաքացիների հետ, հանդիպել երկրորդ խմբի հաշմանդամի հետ, ով տեղյակ չէր, որ փետրվարի 1–ից հետո նա անվճար է երթևեկելու, այդ թվում՝ ավտոբուսներով։

«Թոշակառուի հանդիպեցի, ով չգիտեր, որ 30 տոկոս զեղչ ա անելու տրանսպորտային համակարգի համար», – նշել է Փաշինյանը։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):

Բոյկոտի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։

Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։

Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից մտնել ավտոբուս, 100 դրամանոց կամ երկու հատ 50 կամ այլ մանրադրամ դնել վարորդի կողքի հատվածում և անցնել առաջ։