Նորանշանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդես է եկել հայտարարությամբ (ՎԻԴԵՈ)

22.03.2021, 14:41
Նորանշանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդես է եկել հայտարարությամբ. ՎԻԴԵՈ
Նորանշանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդես է եկել հայտարարությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյան, ով Փաշինյանի կողմից նշանակվել է ԳՇ պետ հանդես է եկել ուղերձով։

Հիշեցնենք, որ 2021թ.–ի մարտի 10–ին կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համարվում է ազատված ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով։ Համաձայն չլինելով այդ որոշմանհետ` Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան, որը կայացրել էր հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում։ Մարտի 18–ին Գասպարյանի փաստաբանը հայտարարել է, որ նա կշարունակի զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը։ Նույն օրը վարչապետի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ», – նշվում է Դավթյանի հայտարարության մեջ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ։–0–