Ճամփորդում ենք դեպի Ռուսաստան. հրապարակվել են «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրի մանրամասները

30.01.2021, 16:55
Ճամփորդում ենք դեպի Ռուսաստան. հրապարակվել են «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրի մանրամասները
Ճամփորդում ենք դեպի Ռուսաստան. հրապարակվել են «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրի մանրամասները։
2021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ընդ որում՝ նմուշառումը իրականացվել է թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։

Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։

Քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերն են՝

1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։

2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և տրամադրել անհրաժեշտ
տվյալները։

3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը և սկանավորել համաձայնագրում առկա QR կոդը։

4. Հանձնել Covid-19 թեստ։

5. Սպասել թեստի արդյունքին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը։

Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

6. Թեստի բասցասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ հավելվածում առկա է թեստի արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։

7. Սահմանը հատելիս ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Ավելի մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–