Հովիկ Աղազարյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից․ դատախազությունից պարզաբանում են

17.12.2024, 15:37
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
Հովիկ Աղազարյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից․ դատախազությունից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց այս պահին չի քննարկվում։

Aysor.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է՝ արդյո՞ք գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ 

«Այս պահին նման հարց չի քննարկվում»,- հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից։

Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը, սակայն, 24News-ին ասել է, որ Գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգնա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կա՛մ կկալանավորեն, կա՛մ կենթարկեն տնային կալանքի։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Քրեական վարույթ է նախաձեռնվել ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ: Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3–ին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։

Ավելի ուշ Աղազարյանը հայտարարել է, որ իր հեռախոսը 10 օրից ավել գտնվել է քննիչների մոտ։ Հեռախոսը բացել են և հեռախոսի շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։

Աղազարյան VS Քյարամյան

Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։

Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։

Քրեական գործ

Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։