Հայտնի է, թե Հայաստանում որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը

07.07.2022, 12:54
Հայտնի է, թե Հայաստանում որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը
Հայտնի է, թե Հայաստանում որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.  «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մայիսին ամփոփվել էր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը, որի արդյունքում ընտրվել էր արձանը, որը կկառուցվի «Մուլտի գրուպի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։

Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

 «Մեր նախնական գնահատականը նախագծի վերաբերյալ դրական է, որովհետև այն էական զբոսաշրջային նշանակություն կունենա Հայաստանի համար, հուսով եմ, որ մեր մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն։ Համապատասխան վարչական որոշումները կկայացնեն և պրոցեսը առաջ կընթանա»,- ասաց նա։

Հունվարին Ծառուկյանը հայտնել էր, որ հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։ Մարտի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը: Նշվել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։-0-