Հայաստանում կասեցվել է մի շարք դեղերի գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այդ դեղերն են. Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; (20/2x10/), բլիստերում»,
Թայլանդի «Պոլիֆարմ Քո., ՍՊԸ, 109 Բանգնա-Տրադ Ռոադ, Բանգ Ֆլի մասնաճյուղ, Սամուտ Պրական 10540` Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոտրակտին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 400մգ; (10/1x10) բլիստերում»:
«Նշենք, որ պիպեմիդաթթու պարունակող դեղերը կիրառվում են միզասեռական համակարգի որոշ հիվանդությունների բուժման նպատակով, ունեն այլընտրանքային տարբերակներ, որոնք գրանցված և հասանելի են Հայաստանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–