Հայաստանում կորոնավիրուսից 93 տարեկան կին է առողջացել

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել, հաղորդում է «Արմենպրեսը»`հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալներին։
Ապաքինվածների կեսից մի փոքր ավելին կանայք են: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են:
Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է:
Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել:
Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:
Հայաստանում ապրիլի 21–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1401 դեպք։ 609–ը մարդ առողջացել է, 24 մարդ, ցավոք, մահացել է։ Փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ։–0–