Ծառեր, նստարաններ և ջրավազան. Երևանի վարչական շրջաններից մեկը գեղեցիկ այգի կունենա

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանն ասյօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ այս տարի կանաչապատում է նախատեսված Շենգավիթ վարչական շրջանում:
Նրա խոսքով՝ 0.5 հեկտար տարածության վրա է իրականացվելու կանաչապատումը, որը կոչվում է «Արագածի պուրակ»:
«Քանի որ այս տարածքը քաղաքի մեջ է, այստեղ հիմնականում գեղարվեստական կոմպոզիցիաների միջոցով այգի ենք ստանալու: Պտղատու ծառեր քիչ են լինելու, քանի որ շեշտը դրել ենք գեղազարդության վրա, որպեսզի մարդիկ իրենց ժամանցն ու հանգիստը կարողանան այստեղ անցկացնել»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց նաև, որ կանաչապատում իրականացնելիս այս տարածքում օգտագործվելու է և´ մշտադալար, և´ ծաղկող, և´ գեղեցիկ պտուղներ ունեցող ծառերի տեսակներ, որպեսզի Երևանում ևս մեկ գեղեցիկ այգի ավելանա:
«Բարեկարգման աշխատանքների մեծ մասն արդեն ավարտել ենք: Հարթեցումն ու տեղագծումն ավարտել ենք, հիմա ոռոգման համակարգի խնդիրն է կարգավորվում, դա էլ ավարտենք, կանցնենք տնկելու գործընթացին»,-ասաց դենդրոլոգը:
Նրա խոսքով՝ նորակառույց այգում, բացի ծառերից և թփերից, կլինեն նաև նստարաններ և ջրավազան:
«Նախատեսում ենք, որ աշնանը արդեն այգին վերջնական պատրաստ կլինի ու կհանձնվի քաղաքացիներին: Կանաչապատվող տարածքների 60-70%-ի սանիտարական մաքրման աշխատանքներն արդեն իրականացրել ենք, բայց այս տարի նախատեսված 8 հեկտարից կանաչապատելու ենք միայն 3.5 հեկտարը»,-ասաց Գրիգորյանը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստացած ջրային համակարգը շատ վատ վիճակում է: Դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի խոսքով՝ Երևան քաղաքը գտնվում է կիսաանապատային գոտում, իսկ առանց ջրի որևէ բան հնարավոր չէ իրականացնել:
Արծվի Գրիգորյանի խոսքով՝ հաջորդ կանաչապատվող տարածքը Սարալանջի հատվածում է լինելու, որտեղ արդեն կաթիլային ոռոգման համակարգի հետ կապված աշխատանքներ են իրակացվել:
«Այնտեղ նույնպես հողային տարածքները վատ վիճակում են`քարքարոտ, հումուսը քիչ: Բայց անցած տարի 0.5 հեկտարը բարերարների օգնությամբ կանաչապատեցինք, եթե նոր բարերարներ կարողանանք գտնել, մյուս հատվածների կանաչապատումը ևս կիրականացնենք»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Սարալանջի հատվածի կանաչապատման համար բարերարի կարիք կա, քանի որ տարածքը որոշակի թեքություն ունի, ինչը կանաչապատումն իրականացնելուն խանգարում է: Պետք է բետոնե կամ քարե պատնեշներ տեղադրվեն:
Տարածքի կանաչապատման համար, մասնագետի խոսքով օգտագործվելու են մշտադալար և ծաղկող թփեր:
Մասնագետը հավելեց նաև, որ կա ջերմոցատնկարանային հաստատություն, որտեղ աճեցվում են տարբեր ծառերի ու թփերի տեղական տեսակներ:Սակայն Երևան քաղաքի կանաչապատման համար առայժմ ջերմոցատնկարանային հաստատությունից կօգտագործվի մոտ 50 000 ծաղկատեսակներ, 1 000 ծառ և 2 000 հատ թուփ:
«Առաջիկա տարիներին, եթե այսպես շարունակվի, մենք շատ քիչ բույսեր կգնենք դրսից: Կամ այդ նույն գումարի սահմաններում կգնենք այնպիսի տեսակներ, որոնք չունենք, բայց մեր ֆինանսական հնարավորությունները մեզ թույլ կտան դրանք ձեռք բերել»,-եզրափակեց Գրիգորյանը:–0–