ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բարձրագույն խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել։
Այս մասին Հովհաննիսյանը գրել է Facebook–յան իր էջում։
«Այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանեցմանը», – նշել է Հովհաննիսյանը`համոզմունք հայտնելով, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը։
«Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։ Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել», – նշել է Հայկ Հովհաննիսյանը`վստահություն հայտնելով, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է։
«Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում։ Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում, հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ», – նշել է Հովհաննիսյանը։–0–