Արարատցեմենտի աշխատակիցները ակցիա են կազմակերպել` բողոքելով ձեռնարկության փակման դեմ (ՖՈՏՈ)

15.04.2019, 14:41
Արարատցեմենտի աշխատակիցները ակցիա են կազմակերպել` բողոքելով ձեռնարկության փակման դեմ։
Արարատցեմենտի աշխատակիցները ակցիա են կազմակերպել` բողոքելով ձեռնարկության փակման դեմ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արարատցեմենտի աշխատակիցները ակցիա են կազմակերպել` բողոքելով ձեռնարկության փակման դեմ, երկուշաբթի առավոտյան նրանք դուրս չեն եկել աշխատանքի։

Մի քանի օր առաջ ընկերության աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկվել աշխատանքից ազատման և ձեռնարկության փակման մասին։ Սակայն նրանցից շատերը հրաժարվում են ընդունել ծանուցումը։

Ինչպես նշում են ընկերության աշխատակիցները, տնօրինությունն աշխատանքից հեռացումը հիմնավորել է արտադրության բարձր ծախսերով, ինչի հետևանքով անհնարին է դառնում ներկրվող իրանական ցեմենտի հետ մրցակցությունը շուկայում։


Ընկերության աշխատակիցները հանդիպել են ղեկավարության հետ և փակել են գործարան տանող ճանապարհը։ Միաժամանակ նրանք նշել են, որ մտադիր չեն փակել մայրուղիները, քանի որ կարծում են, որ այս հարցը քաղաքական չէ։

«Արարատցեմենտ» ՓԲԸ–ի տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է աշխատակիցներին կազմակերպել հանդիպում ձեռնարկության սեփականատիրոջ հետ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է կապվել ձեռնարկության տնօրեն Մանուկ Առաքելյանի հետ, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին։

ԱԺ–ի շրջանառության մեջ է գտնվում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, որի նպատակն է պաշտպանել ցեմենտի տեղական արտադրողներին։ Փոփոխություններով առաջարկվում է սահմանել ներկրման տուրք` մեկ տոննայի դիմաց 22 հազար դրամ` ներկրվող ցեմենտի գինը Հայաստանում իրացվող և տեղական արտադրողների կողմից արտադրվող ցեմենտի գնին համապատասխանեցնելու նպատակով։

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հարևան երկրներում էներգակիրների գների զգալի նվազման և դրանց արտադրանքի պետական սուբսիդավորման արդյունքում Հայաստանում զգալիորեն աճել է ցեմենտի ներկրման ծավալը (վերջին տարում` եռակի)։ Դրա հետևանքով տեղական երկու ընկերությունները, որոնց արտադրական հնարավորությունները միասին կազմում են 2 մլն տոննա, չեն կարողանում իրացնել իրենց արտադրական հզորությունների նույնիսկ մեկ երրորդը։

Չնայած կառավարության առաջարկին, պատգամավորներից շատերը դեմ են նման փոփոխություններին` պատճառաբանելով ցեմենտի արտադրողների համար ջերմոցային պայմաններ ստեղծելով, որոնք վնասում են շինարարության շահերին։ «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են տեղական արտադրողներին բարձրացնել արտադրողականությունը և արտադրության տեխնոլոգիաները, ինչպես նաև ակտիվացնել մրցակցությունը։ Հակառակ դեպքում, պատգամավորների կարծիքով, ավելի շահավետ կլինի ներկրել իրանական ցեմենտ` չարտադրելով տեղականը։ Պատգամավորները նաև նշում են, որ ոլորտներից մեկին առավելություն տալը կառաջացնի այլ ոլորտների արտադրողների դժգոհությունը։–0–