Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել. ոստիկանություն նման հաղորդում չի ստացվել

03.04.2023, 13:18
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել. ոստիկանություն նման հաղորդում չի ստացվել
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Փաշինյանի որդին հարձակման է ենթարկվել. ոստիկանություն նման հաղորդում չի ստացվել
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ կիրակի հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի` Աշոտ Փաշինյանի նկատմամբ։

Ինչպես կարծում է Սիմոնյանը, «սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս»։

«Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ։ Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու», – գրել է Ալեն Սիմոնյանը Facebook–յան իր էջում։

Վերջում նա նշել է, որ «Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»։

Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մանրամասները ճշտելու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմեց ոստիկանության մամուլի ծառայությանը։

«Ոստիկանություն նման հաղորդում չի ստացվել», – տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։–0–