ԱԺ-ի դիմաց կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր, ջրցաններ. կան բերման ենթարկվածներ (ՖՈՏՈ)

16.06.2020, 11:17
ԱԺ-ի դիմաց կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր, ջրցաններ. կան բերման ենթարկվածներ (ՖՈՏՈ)
ԱԺ-ի դիմաց կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր, ջրցաններ. կան բերման ենթարկվածներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովի շենքի մոտ այս պահին տեղակայված են ոստիկանական մեծաթիվ ուժեր, բերվել են ջրցան ավտոմեքենաներ, հավաքվել են մեծաթիվ քաղաքացիներ, որոնց շուրջ և ԱԺ դարպասների առջև ոստիկանական պատ է կազմվել:

 - рис.1

Ոստիկանությունը պարբերաբար հորդորում է հավաքի մասնակիցներին լքել հավաքի վայրը՝ նրանց տրամադրելով ողջամիտ ժամկետ: Արդեն իսկ կան մի շարք բերման ենթարկվածներ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

 - рис.2

Նախօրեին համապատասխան միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն: 

 - рис.3

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Կիրակի օրը առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-