2027թ․-ից սոցփաթեթը կդադարեցվի․ ինչո՞վ է այն փոխարինվելու

07.10.2026, 15:32
2027թ.-ից սոցփաթեթի ծրագիրը կդադարեցվի
2027թ․-ից սոցփաթեթը կդադարեցվի․ ինչո՞վ է այն փոխարինվելու

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, և դրա ֆինանսավորումը կդադարեցվի, հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ծրագրով լուծվում էին տարբեր կրթական, սոցիալական և առողջապահական խնդիրներ, սակայն տարիների ընթացքում ծրագրի առանձին բաղադրիչներ ստացել են տարբեր համակարգային լուծումներ, այդ թվում՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրումը։

«Որքան էլ ծրագիրն ունի սոցիալական ուղղվածություն, նպատակադրում, այն ինքնին սոցիալական բնույթի ծրագիր չի հանդիսանում և աջակցության նպատակով չի տրամադրվում․ դա գործատուի կողմից պետության աշխատողների համար սահմանված սոցիալ-աշխատանքային երաշխիք է, որը կախված չէ աշխատողի աշխատավարձի մակարդակից կամ սոցիալական վիճակից», -ասել է Հարությունյանը ասուլիսի շամանակ։

Նա նշել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուղղակի սոցիալ-աշխատանքային երաշխիքը՝ սոցփաթեթի տարբերակով, փոխարինվում է առավել մեծ համակարգային ներդրմամբ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով։

Սոցփաթեթի փոխարեն՝ առողջության ապահովագրություն

Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանն իր հերթին տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, որոնք այլևս չեն օգտվի սոցիալական փաթեթից, իրենց գումարը՝ 6000 դրամը, փոխանցվելու է պետությանը, որն էլ իր հերթին ուղղվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին:

Անդրադառնալով 2027 թվականից առողջության ապահովագրության համակարգում մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկմանը՝ նա նշել է, որ այդ խմբում աշխատողների թիվը բավականին մեծ է՝ ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հատվածում։

«Ընդհանուր 340-350 հազար աշխատողի մասին է խոսքը նախնական հաշվարկներով, բայց թիվը փոփոխական է և հիմնականում աճում է դեպի վեր, քանի որ նոր աշխատակիցներ են միանում համակարգին», - հայտնել է Բաբայանը։

Նա նշել է, որ համակարգին միացող նոր խմբերից են նաև պայմանագրային աշխատողները, ինչպես նաև հնարավորություն է նախատեսվում սեփական ցանկությամբ լրացուցիչ ապահովագրել ընտանիքի չաշխատող անդամին, որը չի պատկանում սոցիալական որևէ խմբի կամ 18-65 տարիքային խմբում է։

Ուսուցիչների համար նոր սոցիալական արտոնությունների սահմանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանն էլ հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի մշակումը, որը կսահմանի ուսուցիչների համար սոցիալական մի շարք արտոնություններ։

«Դա կներառի ինչպես ուսուցիչների բարեկեցության ապահովմանն ու որոշակի արտոնությունների սահմանմանը, այնպես էլ բնակարանային ֆոնդին և այլ հարցերին վերաբերող միջոցառումներ», – ասել է նա։

Ազատյանը նշել է, որ օրենքի մշակումը դեռ շատ սաղմնային փուլում է, բայց այսօր արդեն, առաջնահերթություններից ելնելով, պետք է խոսել դրա հրատապության մասին։