Ոստիկանությունը ստուգում է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք

14.05.2017, 14:15
Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները:
Ոստիկանությունը ստուգում է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը՝ մայիսի 14-ին, ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Բոլոր դեպքերը գտնվում են ստուգման փուլում:

«Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթները պահպանելու և իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 14–ին անցկացվում են Երևանի ավագանու ընտրությունները։ Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։

Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։

Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–