«Պատիվ ունեմ» և «Ես եմ». ՀՀ բանակի նոր ծրագրերը սպաների և ժամկետային զինծառայողների համար

20.04.2017, 15:01
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հինգշաբթի Երևանում անցկացվող «Ազգ–բանակ 2017» համաժողովին ներկայացրել է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը` նախատեսված սպաների և ժամկետային զինծառայողների համար:
«Պատիվ ունեմ» և «Ես եմ». ՀՀ բանակի նոր ծրագրերը սպաների և ժամկետային զինծառայողների համար
ԵՐԵՎԱՎ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հինգշաբթի Երևանում անցկացվող «Ազգ–բանակ 2017» համաժողովին ներկայացրել է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը` նախատեսված սպաների և ժամկետային զինծառայողների համար:

Նրա խոսքով, «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարն է կապել բուհերը սպայական ծառայության հետ: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, եթե նրանք համապատասխանում են պահանջներին և կծառայեն որպես ժամկետային զինծառայողներ ոչ թե երկու տարի, այլ` երեք տարի` որպես սպա:

Դրա համար ուսանողները, սովորելով քաղաքացիական բուհերում, պետք է երկրորդից չորրորդ կուրսերում յուրաքանչյուր շաբաթ սովորեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

«Բուհում կրթությունն ավարտելուց հետո շրջանավարտները լեյտենանտի կոչում կստանան և կծառայեն ԶՈՒ-ում երեք տարի: Ծառայության ժամանակ նրանք աշխատավարձ կստանան, իսկ ծառայությունից հետո` բոնուսներ», - ասաց նախարարը:

Նա նշեց, որ երկրորդ ծրագիրը ժամկետային զինծառայողների համար է, ինչպես նաև նախատեսում է երեք տարվա ծառայություն, սակայն յոթ ամիս զինծառայողները արձակուրդ են ունենալու` սկսած ծառայության վեցերորդ ամսից:

«Համաձայնվելով մասնակցել այս ծրագրին` զինծառայողները պետք է հինգ ամիս սովորեն, ապա ծառայության անցնեն սահմանամերձ շրջաններում: «Յուրաքանչյուր ամսվա յոթ օր նրանք տանը կանցկացնեն, մնացած 24-ը` զորամասերում և մարտական դիրքերում», - նշեց նախարարը:

Նա ավելացրեց, որ ծառայության ավարտից հետո զինծառայողներին կտրվի 5 մլն դրամ` բնակարան ձեռք բերելու, փոքր բիզնես հիմնելու կամ ուսման համար:

ՀՀ պաշտպանության նախարարության և Կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված է ռազմակրթական հարցերին։

Համաժողովին մասնակցում են երկու գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժներ, բուհերի դասախոսներ, ռազմագիտության ուսուցիչներ, գիտակրթական կենտրոնի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում ապրիլի 21–23–ը կկազմակերպվի ցուցահանդես, որի ժամանակ կրթության ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ հյուրերին կծանոթացնեն իրենց ծրագրերին։ Առանձին հարթակներում կներկայացվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը։–0–