ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են նոր մանրամասներ ապրիլի 11–ին Ջրվեժում 35–ամյա տղամարդու սպանության դեպքի մասին, կասկածվում է սպանվածի մտերմուհու 18–ամյա որդին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ապրիլի 11–ին Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի էր հայտնաբերվել:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր Երևան քաղաքի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:
Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն) հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանը։
Նա կասկածվում է ապրիլի 11-ին Ջրվեժում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։
Կայքի տեղեկություններով, սպանություն կատարողը կասկածել է, որ իր մայրը կապի մեջ է եղել սպանվածի հետ։
Սպանությունը կատարվել էր վարձակալված բնակարանում:
Կայքի տեղեկություններով, Գևորգյանը սպանել է Հարությունյանին խանդի հողի վրա։ Սպանության փաստով կար ձերբակալված կին, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չէին հրապարակվել:–0–