«Կարմիր գծերում» կայանման վճարները չե՞ն բարձրացվում. քաղաքապետարանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածվել է հայտարարություն՝ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ։
Այդ հայտարարությունը որոշ լրատվամիջոցներով մեկնաբանվել էր որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում:
Այդ կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է պարզաբանում` նշելով, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում։
«Այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ: Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին։ SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա և 1 օրվա համար ավտոկայանատեղի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նաև հիշեցնում են, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև տերմինալների տեղադրումը:
Այսօր ավելի վաղ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն Facebook–յան իր էջում տեղեկացրել էր, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ միջնորդավճար և 123.4 դրամ ԱԱՀ:
Ընկերությունից նաև նշել էին ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար պետք է օգտվել վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից։
Ընկերությունը նաև տեղեկացրել էր, որ 2017 թ.–ի օգոստոսի 1–ից 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100 դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ։–0–