Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
16.06.2018,
10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ վարչապետը մասնակցել է նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանն ու առաջին հանդիպմանը։ Ամփոփելով մոսկովյան այցը` Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Համանախագահները Փաշինյանի հետ քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը։ Միաժամանակ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ։
- Նախորդ շաբաթ գրավի դիմաց ազատ արձակվեցին «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
- Արդեն 8 օր է շարունակվում են 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները։ Տղան աուտիզմ ունի։ Նա հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող տանից և չի վերադարձել։ Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ստեղծել են բազմաթիվ կամավորական խմբեր և միացել են որոնողական աշխատանքներին։ Կորած Հայկի եղբայրը` Գոռը, տեղեկացրել է, որ Հայկը, ով աուտիկ է, իռացիոնալ պահվածք ունի, սովորական մարդու պես չի արձագանքում այս կամ այն իրավիճակին։ Նշվում է նաև, որ Հայկը տանից հեռացել է ոտաբոբիկ։
- Երևանի կենդանաբանական այգին պարզաբանել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ այս տարի այգում գրանցվել է կենդանիների անկում տուբերկուլյոզի հետևանքով։ Այդ կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության նախարարությունը։ Միաժամանակ Սննդի անվտանգության պետական ծառայությունն իր հերթին հայտնեց, որ Կենդանաբանական այգին հունվարին դիմել է ՍԱՊԾ–ին, և այն հատուկ միջոցառումներ է իրականացրել։–0–