Երեքշաբթի` ապրիլի 26–ի գլխավոր նորությունները

27.04.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` ապրիլի 26–ի գլխավոր նորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Քննչական կոմիտեն հերքեց ահաբեկչության վարկածը նախօրեին երեկոյան Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի կապակցությամբ։ Ավտոբուսի պայթյունի մասին ահազանգը ստացվել էր երկուշաբթի ժամը 21։51–ին։ Պայթած ավտոբուսում գտնվել է հեռախոսային քարտը, որի տիրոջ տանը գտնվել է տրոտիլ և դետոնատոր։

  • Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկականկենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։

  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է Պաշտպանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների։ Նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։

  • Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա։ Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):

  • Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ–թեստի արդյունքում պարզվել է, որ նրա օրգանիզմում առկա է արգելված միլդրոնատի չափաբաժին։

  • Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ադրբեջանական կողմին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հանաձայնագրի միակողմանի չեղարկման փորձի մեջ:–0–