ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ադրբեջանական կողմին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հանաձայնագրի միակողմանի չեղարկման փորձի մեջ:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994 թ.-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը», - ասվում է ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Կրեմլում Արցախի իրավիճակը շատ փխրուն են համարում>>
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի այս քայլը, որով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994թ. մայիսի զինադադարի, այնպես էլ հարցականի տակ դնում 1994թ. հուլիսի զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը։
«Հատկանշական է, որ 1994թ. հուլիսի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել էր «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև մեծ քաղաքական պայմանագրի կնքումը», - նշել են ԱԳՆ-ում։
Երևանում հիշեցրել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն հայտնել են այս կապակցությամբ իրենց տեսակետն Ադրբեջանին, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում, մասնավորապես նշելով, որ 1994թ․ և 1995թ. անժամկետ համաձայնագրերը, ինչպես և նախկինում, հիմք են հանդիսանում հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար:
«Համանախագահները կոչ են արել անշեղորեն պահպանել վերոհիշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց խախտումը: Արհամարհելով այդ կոչը՝ Ադրբեջանը գնաց այս սադրիչ քայլին», - նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Անհրաժեշտ է ընդգծել, որ ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որին հղում է կատարվում ադրբեջանական նամակում, ուղղված էր հենց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների դադարեցմանը և, ինչպես նշել են համանախագահները, զինադադարի ռեժիմի վերականգնմանը: Ակնհայտ է, որ նշված բանավոր պայմանավորվածությունը չի կարող փոխարինել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին համաձայնագիրը», - ընդգծվում է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ում հայտարարում են, որ 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը տարիներ շարունակ հիմք են հանդիսացել փխրուն զինադադարի պահպանման համար։ Այդ համաձայնագրերին վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը:
«Հայաստանը կոչ է անում համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտավորեցնելու Ադրբեջանին խստորեն հետևել 1994թ. մայիսի զինադադարի համաձայնագրին և կատարել իր միջազգային հանձնառությունները՝ զերծ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից», - ասվում է փաստաթղթում:
«Հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրականացնելու է անհրաժեշտ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար», - ընդգծել են ՀՀ ԱԳՆ-ում։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-