Ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է. ԱՆ

26.04.2016, 20:48
Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկականկենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է:
Ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկականկենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ:

«Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- բժշկական կենտրոն այցի ժամանակ տուժածների ծնողների և հարազատների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ժամը 19:00-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 4 քաղաքացի:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չիսպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի,մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում:

Տուժածների բուժօգնությունը համակարգվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Վիրավորներն ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Նախօրեին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։ –0–