Չորեքշաբթի` օգոստոսի 3–ի առավել ուշագրավ նորությունները

04.08.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Չորեքշաբթի` օգոստոսի 3–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել։ Զինվորականին նկատել են գյուղում առավոտյան ժամը 5-ին և խոսակցության ժամանակ զինվորը ասել է, որ ցանկանում է Ոսկեհասկով Թուրքիայի սահմանն անցնել:

  • Նախօրեի ուշ երեկոյան Mercedes S500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Մոտ 50 տարեկան հետիոտնը տեղում մահացել է:

  • «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Նրանց առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): 

  • ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով չորեքշաբթի բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը։

  • Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո 16 մարդ դեռ շարունակում է ստանալ ստացիոնար բժշկական օգնություն։ Ծանր վիրավորում ստացած ոստիկանից բացի, մնացած բոլոր տուժածների վիճակը գնահատվում է բավարար։–0–