Երևանում տպարանի շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

01.11.2016, 15:03
ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:
Երևանում տպարանի շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նախկին «Առաջին տպարանի» շենքի ապամոնտաժումը, որը հոկտեմբերի 27–ին, օրը ցերեկով, պայթեցվեց շենքի սեփականատիրոջ թույլտվությամբ, մեծ իրարանցում առաջացրեց քաղաքի բնակիչների շրջանում և սոցիալական ցանցերում: Աղբյուրները հայտնում են, որ շենքը կառուցվել է նախորդ դարի 20-ականներին` Ալեքսանդր Թամանյանի մշակած նախագծի հիման վրա:

ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:

Վարչապետը հանձնարարել է խստորեն պատժել տպարանի շենքի պայթեցման հարցում բացթողումներ թույլ տված պատասխանատուներին>>

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Արմեն Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:-0-