Երևանում երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

11.01.2018, 11:11
Երևանում հունվարի 8–ին գրանցված ողբերգական ավտովթարի կասկածյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածի հատկանիշներով։
Երևանում երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանում հունվարի 8–ին գրանցված ողբերգական ավտովթարի կասկածյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։

Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին:

Загружается новость ... "Лево"

Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–