Երևանում 5 ամսական երեխայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2018 թվականի հունիսի 11-ին մանհակասակ երեխայի հայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ 2018 թ.–ի հունվարի 15–ին ծնված դստերը 2018թ. հունիսի 5-ին տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7– ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել:
Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Դեպքի առթիվ հունիսի 11–ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), որը հունիսի 13-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և վարույթ ընդունվել։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Վարույթն իրականացնող մարմինն ստացել է մահվան մասին բժշկական վկայականը, ըստ որի՝ երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը»։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։–0–