Տավուշում նորածնին զուգարանը նետած մայրն ամուսնացած չի եղել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

29.09.2017, 15:19
Հայտնի են մանրամասներ Տավուշում գրանցված ահասարսուռ դեպքից, որտեղ 33–ամյա կնոջ մայրը դստեր նորածնին նետել է զուգարան։
Տավուշում նորածնին զուգարանը նետած մայրն ամուսնացած չի եղել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են մանրամասներ Տավուշի մարզում գրանցված ահասարսուռ դեպքից, որտեղ 33–ամյա կնոջ մայրը դստեր նորածնին նետել է զուգարան։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, սեպտեմբերի 27–ին 05։10–ին ՀՀ Տավուշի մարզի «Բերդ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց դիմել է 36-37 շաբաթականում ծննդաբերած 33–ամյա մի կին, բայց նորածնին իր հետ հիվանդանոց չի բերել։ Պարզվել է, որ կինը ծննդաբերել է նույն օրն իրենց տան պատշգամբում, և նրա մայրը նորածնին նետել է առանձնատանը կից կառուցված զուգարանը։

Armtimes–ի հաղորդմամբ, 33–ամյա կինն ամուսնացած չի եղել, հղիություն թաքցրել է բոլորից: Կնոջը հիվանդանոց ընդունելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները:

Աղբյուրի հաղորդմամբ, կինն իրավապահներին հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել առողջ, մայրն անգամ երեխայի ճիչն է լսել:

«Կնոջ վիճակը ներկայումս լավ է, երկուշաբթի նրան դուրս կգրեն: Ծննդատան վարիչի խոսքով, կինը, որպես հղի, որևէ տեղ հաշվառված չի եղել», – նշել է Բերդի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժնի վարիչ Արմեն Գալստյանը:–0–