«Սասնա ծռերի» կողմնակիցները համաներում կամ ներում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանից

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի Արմենիա/. «Սասնա ծռերի» կողմնակիցները, որոնք բողոքի ակցիա են անցկացնում, համաներում կամ ներում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Սասնա ծռերի» կողմնակիցները գիշերն անցկացրել են փողոցում` ամբողջությամբ արգելափակելով Արշակունյաց պողոտան։ Բողոքի ակցիան շարունակվում է արդեն մեկ օր, ինչի պատճառով խցանումներ են առաջացել պողոտային հարակից փողոցներում։ Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դիտարկելով «Սասնա Ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխելու հարցը, ուժի մեջ թողեց ազատությունից զրկելու մասին որոշումը։
Պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի համակարգողներից մեկի` Դավիթ Եղիազարյանի խոսքով, Արշակունյաց պողոտայի արգելափակումը միտված է ոչ թե նոր կառավարության վարկաբեկմանը, այլ պետք է նպաստի ամբողջ դատական համակարգի բարեփոխմանը:
«Մենք փորձում ենք հանրային աջակցություն ցուցաբերել նոր կառավարությանը և ստիպել արդարադատության մարմիններին վերանայել «Սասնա ծռերի» նկատմամբ ընդունված խափանման միջոցը: Ճիշտ չէ կարծել, որ մեր քայլերը հակահեղափոխական են: Հակառակը, մեր գործողություններն ուղղված են նոր կառավարությանը ու նրա կողմից նախատեսված բարեփոխումներին աջակցելուն», - ասաց Եղիազարյան:
Ցուցարարների խոսքերով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ազդել «Սասնա ծռերի» անդամների ճակատագրի վրա` ելնելով իրավական նորմերից համաներում շնորհելով կամ ներելով, իսկ դատական իշխանության մարմինները կարող են անհապաղ որոշում ընդունել:
Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համախոհները` «Սասնա ծռեր» զինված խումբը, 2016 թ.–ի հուլիսի 17–ին ներխուժել էր Երևանի ՊՊԾ գնդի շենք` պահանջելով իշխանությունների հրաժարականն ու Սեֆիլյանի ազատ արձակումը, ով կալանքի տակ էր զենքի ապօրինի պահման մեղադրանքով։ Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարվա և 5 ամսվա ազատազրկման։ «Սասնա ծռերի» մյուս անդամները դատապարտվել էին տարբեր ժամկետներով։–0–