Փաշինյանը հրաժեշտ տվեց կառավարության 3 անդամներին

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հրաժեշտ տվեց 3 նախարարներին։
«Այսօր տեղի է ունենալու նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը, և մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և, հետևաբար, նրանք հետագայում աշխատելու են խորհրդարանում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ սշխատանքի համար։
«Քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, այդ պատճառով էլ կառավարության այսօրվա նիստի օրակարգը տխուր է ու թեթև», – կատակեց վարչապետի պաշտոնակատարը։
Միրզոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատարին և կառավարության անդամներին իր և գործընկերների անունից «հիանալի համագործակցության» համար։
Նա նաև նշեց, որ տխրելու առիթ չկա, քանի որ նրանք անցնում են շատ պատասխանատու և կարևոր աշխատանքի խորհրդարանում։
7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը, ով 103 տարեկան է։
7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանդիսավոր հանձնվելու են այսօր` հունվարի 10-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 14-ին: Այն վարելու է տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովը: 7–րդ գումարման ԱԺ–ում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն։ Խորհրդարանը բաղկացած կլինի 132 պատգամավորից։–0–