ՀՀ վարչապետը շրջայց է կատարել մի քանի խանութներում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել մի քանի խանութներում։
Հայկական ԶԼՄ–ները հաղորդել էին, որ սուպերմարկետներում բարձրացել են մսամթերքի և գյուղմթերքի գները, քանի որ վերջիններս անցել են 20% ԱԱՀ–ի վճարման։
«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում։
Ավելի վաղ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների հայտարարությանն ի պատասխան`Փաշինյանը կոչ էր արել բոյկոտել թալանչիներին և կոռուպցիոներին:
«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը», – նշել էր ՀՀ վարչապետը։
Նախօրեին սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետին ու արտահայտել իրենց մտահոգությունը հնարավոր ռիսկերի կապակցությամբ, որոնք կապված են առևտրի կետերի հետագա գործունեության հետ ԱԱԾ–ի վերջին բացահայտումների ֆոնին։
Ավելի վաղ ԱԱԾ–ն հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
Սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների նամակում, մասնավորապես, նշվում է, որ հեղինակները ողջունում են կառավարության քաղաքականությունն` ուղղված առևտրով զբաղվող սուբյեկտներին օրինական դաշտ բերելուն։ Միաժամանակ նրանք նշում են, որ սուպերմարկետների ցանցերի գործունեությունը, ինչպես նաև գյուղմթերքի գները հայտնվել են սպառնալիքի տակ մի շարք սկզբունքային պատճառների պատճառով։–0-