ՀՀ նախագահը մատնանշել է Հայաստանի գլխավոր թշնամիներին

18.05.2017, 15:29
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մատնանշել է Հայաստանի գլխավոր թշնամիներին։
ՀՀ նախագահը մատնանշել է Հայաստանի գլխավոր թշնամիներին
ԵՐԵՎԱՆ, մայիսի 18. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այսօր պայքարի երկու ճակատ ունի` արտաքին և ներքին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաև նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու սպաներին, փառք ու պատիվ այսօր սահմանին կանգնած մեր զինվորին ու սպային»,-
հինգշաբթի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստի ընթացքում ասաց Սարգսյանը:

Նախագահը ընդգծեց, որ արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին, որի ամենավտանգավոր հետևանքն անարդարությունն է:

«Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է»,- ասաց նախագահը:

Նա նշեց, որ այսօր երկիրը պատերազմի նոր փուլ է հայտարարում անարդարությանը, որը պետք է վարել նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ, որով պայքարել ու պայքարում ենք հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար:

«Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը»,- ասաց Սարգսյանը:

Նրա կարծիքով, միայն լավ օրենքներով այս չարիքը հնարավոր չէ հեռացնել, ինչպես որ միայն լավ դեղամիջոցներով չի կարելի բուժվել, եթե «չենք հավատում մեր ուժերին, մեր բուժվելուն ու ներքին ողջ լարումով դուրս չենք գալիս ներսից մեզ հյուծող չարիքի դեմ»։

«Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը, Դատական օրենսգիրքը, այս ոլորտին առնչվող այլ կանոնակարգումները և բոլորիս համատեղ ջանքերը նոր որակի են բարձրացնելու մեր արդարադատությունը: Այս ճանապարհին ցանկացած թուլացում անընդունելի է, այս ճանապարհից ցանկացած շեղում՝ դատապարտելի»,- ընդգծեց երկրի ղեկավարը:–0–