ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Կեմերովոյում գրանցված ողբերգության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանրապետության նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում»,– նշվում է ցավակցական հեռագրում։
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում նախօրեին բռնկված հրդեհի վայրում փրկարարները հայտնաբերել են 53 զոհի մարմիններ, 12 մարդ հոսպիտալացվել է, ևս 36 տուժած ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Շտաբից նաև տեղեկացրել են, որ այժմ իրականացվում են աշխատանքներ ևս 16 մարդու որոնման ուղղությամբ։ Հրդեհի օջախը, նախնական տվյալներով, գտնվել է չորրորդ հարկում գործող խաղասրահում։–0–